česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Չեխիայի մշակույթի նախարար Ա. Հանակովայի գլխավորած պատվիրակությանը. ստորագրվել է համագործակցության պայմանագիր

(This article expired 30.05.2022.)

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով՝ ս. թ. մայիսի 27-29-ը Հայաստանում են Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:

ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 27-ին կայացած հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է գործընկերոջն այցի կապակցությամբ և նշել, որ հայ-չեխական մշակութային հարաբերությունները գտնվում են պատշաճ մակարդակի վրա և առաջիկայում այն կունենա իր արժանի շարունակությունը:

Հ. Պողոսյանը կարևորել է 2010 թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» hամաձայնագրի ստորագրումը: Երկկողմ համագործակցություն շրջանակում Հայաստանի ստեղծագործական խմբերը և անհատ կատարողները պարբերաբար մասնակցել են Չեխիայում կայացած միջազգային մրցույթներին և փառատոներին: Ուշագրավ է Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մասնակցությունը Պրահայի «Աշնանային հեքիաթներ» միջազգային փառատոնին, որտեղ հայ շնորհալիներն արժանացել են գլխավոր՝ Գրան պրի և «Գործիքային դասական երաժշտություն» անվանակարգում առաջին մրցանակների: Հայաստանը փայլուն մասնակցություն է ունեցել նաև «Պրահայի Քվադրինալե» փառատոն-ցուցահանդեսին,  որն անցկացվում է 1967 թվականից և բեմական ձևավորման ոլորտում աշխարհի լավագույն միջազգային իրադարձություններից է: Նախարարն ուրախությամբ նշել է նաև, որ հայ երեխաները պարբերաբար մասնակցել են «Լիդիցե»-իմանկական գեղանկարչության միջազգային մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել պատվավոր մրցանակների: Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանը կարևորել է Չեխիայի ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում անցկացվող «ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնին և «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին, իսկ մշակութային տեղեկատվության ոլորտում՝ Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրի դերը, որի տպագրմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են փոխհամագործակցության հետագա զարգացման խնդիրներ և ապագա համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի /երիտասարդների համատեղ բեմադրության/, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման վերջում ստորագրվել է «Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանների միջև 2013-2015 թթ. համագործակցության պայմանագիր»:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը: Համագործակցության շրջանակներում կիրականացվեն`

  • «Հայ գիրքը Չեխիայում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ հայ հեղինակների և Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ:
  • «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ չեխ հեղինակների թարգմանությունները, Չեխիայի և նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ:
  • Համատեղ ցուցահանդեսների կազմակերպում. յուրաքանչյուր ցուցահանդեսի համար կկնքվի առանձին պայմանագիր:
  • Հայ հնատիպ (1512-1800 թթ.) և վաղ շրջանի (1801-1920թթ.) գրքերի թվային պատճենների փոխանակում, որոնք առկա չեն Հայաստանի գրադարաններում:
  • Աշխատակիցների փոխայցեր։
  • Փորձի և գիտելիքների փոխանակում հետևյալ բնագավառներում.

ա/ գրադարանային հավաքածուների պահպանում և վերականգնում,

բ/ թվային գրադարաններ:

http://mincult.am/